Հունաստանի հրաշալիքը՝ Մետեորա

20527640_1412673805514521_25284138_nՄետեորան Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկն է, որը հայտնի է դարձել առաջին հերթին ահռելի ժայռաբեկորների գագաթին տեղկայված լինելու պատճառով: Վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում և այդ ժամանակներից գործում է անդադար: 1988 թվականին վանքերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի  համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

Մետեորա վանական համալիրների շարքը գտնվում է Թեսալիայի լեռներում, Աթենքից 360 կմ դեպի  հյուսիս, Կալամբակա քաղաքից 1-2 կմ դեպի հյուսիս  և Տրիկալայի շրջանից ու  քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Վեց ուղղափառ վանական համալիրնըերը տեղակայված են հսկայական ժայռերի գագաթներին, որոնք ունեն ծովի մակարդակից 600 մ բարձրություն և համարվում են եզակի երկրաբանական երևույթ: Նրանք գոյացել են 60 մլն տարի առաջ և հարթավայրի տեղում գտնվող նախապատմական ծովի քարքարոտ հատակն են հանդիսացել:  Ջրի, քամու և ջերմաստիճանների տատանումների արդյունքում դրանք վերածվել են հսկայական, կարծես թե օդում կախված քարե սյուների, որոնք ստացել են Մետեորա անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «օդում ճախրող»:

Ավանդությունը պատմում է, որ  առաջին ճգնավորները  10-րդ դարում բարձրացել են  քարքարոտ և անհասանելի, կյանքից կտրված այդ ժայռերի վրա, ապրել քարանձավներում և ժայռային խորացումներում, ապա 11-13-րդ  դարերում  մոտակայքում հիմնել ոչ մեծ տարածքներ, այսպես կոչված «աղոթատեղեր»՝ աղոթելու և հոգևոր տեքստեր ուսումնասիրելու համար:  Ահռելի ժայռաբեկորների վրա կառուցվել են 21 վանական համալիրներ, որոնք նաև  պաշտպանական նշանակություն են ունեցել հետագա դարերում խաչակիրների, ալբանացիների,  թուրք- սելջուկների  հարձակումների ժամանակ: Այսօր  21 վանական համալիրներից մնացել է վեցը, որոնցից գործող է միայն չորսը՝ Սուրբ Վառլաամի, Սուրբ Նիկոլասի, Սուրբ Վարվառայի և էլի մի վանական համալիր:

Մետեորան զբոսաշրջիկների այցելությամբ  Հունաստանի սիրված վայրերից մեկն է, եթե չասենք ամենասիրվածը:  Այստեղ են նկարահանվել նշանավոր Ջեյմս Բոնդի ֆիլմերի մի քանի սերիաները: Լուսանկարներում Սուրբ Վառլաամի վանական համալիրն է:

Լուսանկարները՝ իմ անձնական արխիվից:

Թողնել մեկնաբանություն