2016-2017 ուստարվա լրացուցիչ կրթության ծրագրեր

13533198_1014745975307308_4996559299698783475_nԸնթերցանության և գրական թատրոնի ակումբի ծրագիր (4 ժամ)

Ծրագրի նպատակները և խնդիրները

Ընթերցանության և գրական թատրոնի ակումբի գործունեությունը կազմակերպվում է որպես ակումբային պարապմունք, որը ուսումնական ստեղծագործական-հետազոտական խմբային աշխատանք է, ուսումնական նախագծերի մշակում և իրականացում:  Այն նպատակ  ունի  զարգացնելու  սովորողների ընթերցողական նախասիրությունները,  ստեղծագործական — հետազոտական հմտությունները,  խթանելու լեզվագործունեությունը, սովորողի ինքնուրույն գործունեությունը, ինչպես նաև խմբային աշխատանքում ներառվելու, նոր ընկերներ ձեռք բերելու  ու համագործակցելու հմտություններ:  Նախագծի մասնակից սովորողը պետք է կարողանա.

կարդալ,  կարդացածի ենթատեքստը հասկանալ, հասկացածը ներկայացնել, վերլուծել, համադրել, հիմնավորել իր տեսակետը

բանավոր շարադրել մտքերը, բանավիճել, սովորի տիրապետել բանավիճելու մշակույթին` լսել ընկերոջը,  հարգել  դիմացինի կարծիքը

գրավոր շարադրել իր  մտքերը, դրսևորել ստեղծագործական մոտեցում   կարդացածի շուրջ` հորինի, երևակայի,  ընդարձակի,  համառոտի, հավելի, լրացումներ անի:

Նախագծի  գործունեության հիմնական խնդրիրներն են  սովորողի տրամաբանական, հետազոտական մտածողության զարգացումը, ընթերցանության միջոցով տարաբնույթ գիտելիքների  ձեռքբերումը  և ընթերցողական ճաշակի  ձևավորումը,  ինչպես նաև լեզվական,  խոսքիմշակութային և ՏՀՏ   հմտությունների  զարգացումը:

Ծրագրային նյութի  յուրացման կազմակերպումը

Նախագծային  գործունեության ընթացքում   սովորողները  կկարդան  հայ  և արտասահմանյան գրականության լավագույն հեղինակների  ստեղծագործություններ,  հրապարակախոսական հոդվածներ, կիրականացնեն   թարգմանություններ,  փոխադրություններ`համագործակցելով կրթահամալիրի  օտար լեզուների  դասավանդողների հետ,   կկազմակերպվեն ինտեգրված  պարապմունքներ:   Սովորողների  կատարած վերլուծական, ստեղծագործական աշխատանքները  կհրապարակվեն իրենց  բլոգներում, կրթահամալիրի կայքում և ավագ դպրոցի ենթակայքում: Գրական թատրոնի գործունեությունը կշարունակի  ընթերցանության գործընթացը:  Թատերական,  ասմունքի նախասիրություններ ունեցող սովորողներին կուսուցանվի  կարդացածը ընկալելի  ու արտահայտիչ մատուցելու հմտություններ, պարբերաբար կկազմակերպվեն գրական ընթերցումներ` երաժշտության, մեղեդու, պարի  ու մեդիամիջոցների համադրությամբ ու  օգտագործմամբ:

Սովորողի մասնակցությունը 

Ակումբի անդամ կարող է լինել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի տարատարիք այն սովորողը, ով սիրում է ընթերցանությունը, գիրքը` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով,   հաճախում է  նրա պարապմունքներին:  Ակումբի աշխատանքը   գրանցվում է կրթահամալիրի սովորողի   ուսումնական ծանրաբեռնվածության  վրա:

Ակումբային պարապմունքների   թիվը` ըստ  ուսումնական պլանի,  և  սովորողների հաճախելիությունը   կհաշվառվի  հաճախումների գրանցման մատյանում:

Ակումբի անդամ կարող են  լինել  նաև ՀՀ  այլ դպրոցների  սովորողներ,  ում հետ  ակումբային  աշխատանքները կարող են  իրականացվել առցանց:

Ուսումնական միջավայրին ներկայացվող պահանջներ

Որպես ուսումնական միջավայր` պետք է ծառայի  մեդիամիջոցներով հագեցած  ուսումնական կաբինետը, ընթերցասրահը` իր  գրականությամբ և մեդիագրականությամբ:  Սովորողը պետք է ունենա անհատական համակարգիչ, նոթբուք կամ  նեթբուք`ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով   և ուսումնական  գործընթացն  իրականացնի  նշված գործիքներով: Համացանցին միացրած համակարգչի առկայությունը և սովորողի նեթբուք, նոթբուք ունենալը պարտադիր է, քանի որ ուսումնական գրականության և ակումբի գործունեությանն անհրաժեշտ նյութերի գերակշիռ մասը տեղադրված են համացանցում: Ակումբի անդամը պետք է ունենա նաև տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ, բջջային հեռախոս:

Գնահատում

Ընթերցանության և գրական թատրոնի ակումբի գործունեության հաշվետվության ձևեր կօգտագործվեն ստուգատեսները, ցուցադրությունները, շնորհանդեսները, ճամփորդությունները:  Սովորողի   կատարած աշխատանքի   արդյունքը   արտադրանքի տեսքով   կլինեն  ուսումնական նյութերը, ֆիլմերը, հոդվածները, թարգմանությունները:

 Ընթերցանության  նախնական ցանկ

Է. Հեմինգուեյ –  «Հնդկացիների գյուղակը», «Ծերունին կամրջի մոտ»

Ու. Սարոյան –  «Դաշնամուրը»,  «Փասիան որսացողը»

Ու. Ֆոլկներ –  «Վարդ` Էմիլիին»

Ջ. Ջոյս –  «Պանդոկը»

Օ՛ Հենրի –  «Մոգերի ընծաները»

Է. Պո –  «Լռություն»

Ա. Քամյու  —  «Սիզիփոսի առասպելը»

Խ. Լ. Բորխես –  «Որոշ ժամանակ անց»

Ջ. Խ. Ջեբրան –  «Մարգարեն»

Գր. Գուրզադյան – էսսեներ  (ընտրություն  նրա տարբեր ժողովածուներից)

Ֆ. Ֆիցջերալդ  —  «Խորտակում»

Խ. Կորտասար –  «Դեղին Ծաղիկը»

Ռ. Քիփլինգ –  «Մուհամադ Դինի պատմությունը»

Է. Քոլդուել –  «Վայրի ծաղիկը»

Ս. Մոյեմ –  «Խոստումը»

Հ. Մնձուրի – Պատմվածքներ

Համաստեղ – Պատմվածքներ

Շ. Շահնուր – «Պճեղ մը անուշ սիրտ»

Վ  Հայկ – «Կաթիդ փարան չմոռնաս, մամա»

Մ. Իշխան – Բանաստեղծություններ

Վ. Թեքեյան – Բանասեղծություններ

Զահրատ – Բանաստեղծություններ

20-րդ դարի արտասահմանյան պոեզիա

Գրավոր խոսքի զարգացման նախագիծ տարատարիք սովորողների համար (4 ժամ)

 Նախագծի խնդիրներն ու նպատակները

1խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացում

2.սովորողի ինքնուրույն գործունեության խթանում

Նախագիծը նպատակ ունի զարգացնելու  սովորողների լեզվագործունեությունը տարատեսակ գրավոր աշխատանքների միջոցով:

Աշխատանքի բովանդակություն

1.Մենախոսության հիման վրա բնութագրել գրական հերոսին

  1. Գրական դիմանակարի հիման վրա մենախոսություն հորինել տրված թեմայով

3.Լրագրային տեղեկատվությունը պատմվածք դարձնել

4.Հեղինակային խոսքը երկխոսության վերածել և հակառակը

5.Հավելել տեքստի միջին հատվածը

6.Հորինել տեքստի սկիզբը, շարունակել պատմությունը

7.Շարունակել երկխոսությունը

8.Ասելիքը նամակի տեսքով շարադրել

9.Հեռագիրը նամակի վերածել

10.Օրագրություն կազմել

11.Տեքստը արևմտահայերենից արևելահայերենի, գրաբարից, բարբառից  գրական հայերենի փոխադրել

12.Տեքստը ընդարձակ, համառոտ փոխադրել

13.Ժողովրդական ավանդությունը պատմվածք դարձնել

Դասավանդող` Թամար Ղահրամանյան

 

 

Թողնել մեկնաբանություն