Իմ Թումանյանի հետ

Tumanyan2Հոդվածը գրվել է 1999 թվականին, մեծ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ որոշեցի տպագրել այն մասնակի փոփոխություններով:

Ամեն  հայ  մարդ իր  գիտակացական  կյանքի ընթացքում  գտնում,  կետում,  ամբողջացնում է  իր Թումանյանին:  Բանաստեղծ, որ մեր մանկության ամենավաղ  օրերից,  իսկ գուցե  նաև  օրորոցից  մեզ հետ է  մինչև մեր կյանքի հրաժեշտը:

Թումանյանի  հետ իմ առաջին  ծանոթությունը  սկսվում է  լուսահոգի  տատիկներիս  պատմած  երկու հրաշալի  հեքիաթներով`  «Ծիտը»  և  «Հենզելն  ու Գրետելը»  Թումանյանի   փոխադրությամբ:

Գրաճանաչությունից,   գրագիտությունից  հետո  իմ առաջին   գրքերը  Թումանյանի  «Սուտասանը» հեքիաթի  և  «Փարվանա» լեգենդի մանկական հրատարակություններն են եղել,  որոնցից  առաջինը  մինչև  հիմա  ինձ հետ է:  Այսպեսՙ իմ  կյանքի  տարբեր  տարիքներում  Թումանյանի  կերպարն  ինձ  ներկայանում է  մեկ  «Չարի  վերջ»-ով,  մեկ  «Գիքոր»-ով,  հետո`  «Թմկաբերդի առում»-ով,  «Սասունցի Դավիթ»-ով,  ապա  «Անուշ»-ով,   «Լոռեցի Սաքո»-ով,  առավել  հասուն  ու գիտակցական  տարիքում`   Թումանյանի  նամակներով, հոդվածներով, քառյակներով:   Այս անընդհատական   ու  շարունակվող  գործընթացում   եղե՞լ է   մի պահ,  դադար  ու   ժամանակավոր  խորթացում  մեծ բանաստեղծի ստեղծագործությունից: Այո:  Դրանք  ուսանողական տարիներն էին:  Այսինքն  այն  ժամանակահատվածը,  երբ առավել  մոտ եմ եղել գրականությանը,  եղել եմ գրականության  մեջ:  Սա  նահանջ էր  սիրով, ժամանակավոր նահանջ:  Ուսանողական   վառվռուն,  հախուռն,  մոդեռնիստական  գաղափարները  մի տեսակ  հեռացնում են  քեզ  քո   արմատներից,  և դու  կարծես   Թումանյանի հերոսի  պես  շրջում ես  գրականության  շքեղագույն   պալատներում  ու կրկին   վերադառնում   քո սիրելի  «հին  ու  խարխուլ տնակը  գետի եզերքին,  ծառերի տակին»:  Մեզանից  յուրաքանչյուրն,  անշուշտ,  այսպես  կարող է  Թումանյանի  ստեղծագործության`  իր  անցած  հետագիծը  գծել:   Հայտնություն արած չեմ լինի, եթե  ասեմ, որ  սա Թումանյանի  ժողովրդայնության  ու մեծության  չափանիշն  է:  Թումանյանի մեծության, հանճարեղության  գիտակցմանը  մենք  հասնում  ենք   նրա  ստեղծագործության  ճանաչումից  հետո:  Մինչդեռ  այդպես չի լինում  այլ գրողների,  բանաստեղծների  դեպքում:  Մեր  պատանության, հասունության  տարիներին  մենք նախ լսում ենք, որ  Չարենցը,  Բակունցը, Մեծարենցը, Տերյանը տաղանդավոր են, հանճարեղ, ապա  նոր միայն  հասու լինում  նրանց  աստեղծագործությանը:   Ձևակերպումից ենք գնում դեպի  ճանաչում:  Այնինչ՝  Թումանյանի  հանճարեղության  ճանաչումը  մեզ ոչ թե տրվում  կամ  թելադրվում է,  այլ մենք ենք  քայլ առ քայլ  հասնում   այդ  գիտակցությանը:  Եվ  երբ ինքդ ես  հասնում  այդ  ձևակերպմանը` հանճարեղ,  կանգ  չես առնում, դրանով  չես  սահմանափակվում:  Մարդկային միտքը   քայլում է   առաջ`  նորանոր բացահայտումների:  Իսկ ի՞նչ ասել է հանճարեղ:  Է.  Աղայանի  «Արդի  հայերենի    բացատրական  բառարանում»   հանճարեղ  բառը  բացատրվում է  իմաստություն  պարունակող,  բացառիկ, արտակարգ:   Լիովին  ընդունելով  մեծանուն լեզվաբանի   բացատրությունը`  ուզում եմ շարունակել  այս բառի`  ոչ լեզվաբանական  իմ մեկնաբանությունը:  Հանճարեղ, ասել է   նաև  ժամանակի  և տարածության   մեջ  հարատևող  իր իմաստնությամբ,   գոյություն  ունեցող,  չխամրող,   սահման  ու  ժամանակ  չճանաչող,  հավերժական:  Թումանյանի ստեղծագործությունը  փիլիսոփայական  երկու կատեգորիաների`  ժամանակի և  տարածության   անսահմանության  մեջ  հարատև  է, որովհետև  նա իր մեջ կրում է այդ ժամանակն ու տարածությունը: Ինքը ժամանակի  ու տարածության  մեջ է, ժամանակն ու տարածությունը՝  իր մեջ:  Թումանյանը հավերժական Գոյ է` մշտանորոգ,  փոփոխվող:  Փորձեմ դիտարկել  Թումանյանի  ստեղծագործությունը  ժամանակի  մեջ:

Թումանյանի  ստեղծագործությունը  ժամանակի  որոշակի հատվածի ծնունդ լինելով`(19-րդ  դարի  վերջ, 20-րդ  դարի սկիզբ)՝  անսկիզբ  ու անվերջ ժամանակի մեջ  է:   Իսկ ինչպե՞ս է ժամանակը  նրա մեջ:  Թումանյանը  ներառում է  իր մեջ  այն ամենը,  ինչ  կա իրենից առաջ:  Նա մեր  բազմադարյան գրականության խտացված  հանրագումարի   կրողն  է:  Նա  իր իսկ ձևակերպմամբ  իրավունք էր  ձեռք բերել  կրելու  «Ամենայն հայոց   բանաստեղծ»   պատվանունը:  Ի՞նչ ասել է   «Ամենայն հայոց   բանաստեղծ»:   Այսինքն` ամեն հայկականի կրող:   Իսկ ո՞րն է այդ հայկականը:  Մի կողմ թողնելով  մեր գրականության  առասպելաբանության,  Գողթան երգերի  շրջանը` զուգահեռենք  Թումանյանին  մեր գրականության  փաստացի  գրային շրջանին:   406թ,   Մեսրոպ Մաշտոց:  Երկու  մասի բաժանված  Հայաստան,  օրհասական  շրջան,  և «այր մի Մաշտոց անուն»:  Հարատևության շղթայի  առաջին  օղակը  բռնված է:   Թումանյանի  ստեղծագործական  շրջանն  էլ`  1915 թ,   կրկին   հայ ժողովրդի  լինել-չլինելու  օրհասական  ժամանակահատված,   և   բանաստեղծն  իր ստեղծագործությամբ`  նույնքան զորավոր  ու իմաստուն,  ինչպես Մաշտոցն  իր  գրերի գյուտով:

Այնուհետև `  մեր պատմագրության ու գրականության  հաջորդ  հսկան`  Մ. Խորենացի`  մեր ժողովրդի  վաղնջական  ժամանակների  իմացությամբ  օժտված խորախորհուրդ  մի  այր:  Իսկ  Թումանյանի   իմացության  խորությունը  կարելի՞ է  չափել:

Գր. Նարեկացի,  10-րդ  դար,  այս այր մի հսկան   Աստծո հետ  զրույցի է բռնվել, ապաշխարության  քավարաններով  վեր բարձրանալու,Աստծուն   մերձենալու  ակնկալիքով:  Թումանյանն էլ  զրուցում է  Աստծո հետ.«Երնեկ էսպես անվերջ քեզ հետ իմ կյանքի հետ լինեի…»:

Այնուհետև`  միջնադար,  մեր գրականության  հավերժական  գանգատավորը` Ֆրիկ: Հապա  Թումանյանի  գանգատը.

Դարձել է, ախպեր,  աշխարհքն  առ ու ծախ

Սերը դարձել սուր, ու  ջուրը`  արին,

Ո՛չ  ամոթ  ունի   ուժեղը, ո՛չ  վախ,

Վայն  եկել է,  տարել  տկարին:

Այնուհետև՝ քուչակյան հայերեններ և Սայաթ-Նովա:  Ուշադիր ընթերցողը  Թումանյանի  ստեղծագործության մեջ անպայման պիտի գտնի ու առանձնացնի  այս քնքուշ ու նուրբ երակը:

Հայ նոր գրականություն, Խ. Աբովյան՝  խավարամիտ իրականության դեմ իր ընդվզումով ու անհանդուրժողականությամբ, վիրավոր հոգու իր հառաչանքով:  Այդ նույն խավարամտության  ու հետամնացության դեմ իր հառաչանքով  ու ծառացմամբ  կանգնած է Թումանյանը  (‹‹Մարո››, ‹‹Լոռեցի Սաքո››,  ‹‹Անուշ››):

Ապա Մ. Նալբանդյան՝  իր ազատասիրությամբ ու  ազատատենչ հոգով: Թումանյանի իդեալը  ‹‹լեն ու ազատ››  հայրենիքն  է, ժողովուրդը, մարդկությունը, մարդկային հոգին: Հայ գրականության մեջ չկա մի թեմա,  գաղափար ու բովանդակություն, որ  Թումանյանի  ստեղծագործական հնոցով անցած չլինի: Նա ասես ներառում է իր մեջ անեն ինչ:  Սա իրենից առաջ, իր ժամանակից առաջ, իսկ իրենի՞ց  հետո, իր  ժամանակի՞ց  հետո:  Ժամանակի այս հատվածը,  մեզ ավելի մոտ լինելով,    առավել տեսանելի է:  Այնքան խորն է  նրա ձգած արմատները, որ  հարատևության սաղարթները  ժամանակային ավելի մեծ տարածքներ է նվաճելու: Չարենցը հաստատում է.

Նա մեծ էր հողով, արյունով: -Արմատներ ունի նա հողում,

Իր երգերը գեղջուկ նաիրցու  քրտինքով է նա ողողում,

Հանճարեղ երգերում նրա իր երկրի արևն է շողում,

Նա մեծ էր հողով, արյունով: -Արմատներ ունի նա հողում:

Բայց մի՞թե բանաստեղծի մեծությունն ու հանճարեղությունը  իր ժողովրդի անցյալը, մեծերին իր մեջ ներառելն է: Եթե այդպես լիներ,  Պատկանյանն ու  Հ. Հովհաննիսյանը  հանճարեղ պիտի լինեին:  Ուրեմն՝ ի՞նչ արեց Թումանյանը, ինչ քար ավելացրեց  նա մեր գրականության հնամյա պատին: Որ  ավելացրեց, դա կասկածից վեր է, և  ավելացրածն էլ  սովորական մի քար չէր, այլ անկյունաքար,  ավելի ճիշտ՝  մի ավարտուն կամար:  Հենց իր ստեղծածով էլ  նա սլանում է դեպի ապագան: Զրուցասեր,  էպիկ, նկարագրասեր Թումանյանը  տաղանդավոր է, բայց նրա  մեծությունն ու հանճարեղությունը  փիլիսոփա Թումանյանով է պայմանավորված: Փիլիսոփա Թումանյանը մեզ հետ է իր ողջ ստեղծագործության մեջ, իսկ ամենից ավելի՝ իր քառյակներում: Ժամանակի մեջ Թումանյանի հարատևության գաղտնիքը պայմանավորված է  փիլիսոփա Թումանյանով:  Ահա իր վկայությունը. ‹‹Ես հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում, բանաստեղծության մեջ էլ հենց այն, որ ո′չ արցունք ունի, ոչ  հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի  ոլիմպիական, վսեմ  արհամարհոտ թռիչք դեպի  լավագույն  աշխարհները և  ավելի ջինջ  ու  մաքուր ոլորտները››: Ամեն ինչ ասված է:

Իմ առջև դրված խնդրի առաջին մասն հիմնավորված է.  Թումանյանը ժամանակի մեջ է, որովհետև ժամանակն է Թումանյանի մեջ:

Անցնենք խնդրի երկրորդ մասին. Թումանյանը տարածության մեջ է, որովհետև տարածությունն է նրա մեջ: Նրա հայացքը տարածական իմաստով այնքան խորն է ու մեծ, որ ընդգրկում է ողջ տիեզերքը:  Ինքը Թումանյանն է  ասում.

Հոգիս տանը հաստատվել

Տիեզերքն է ողջ պատել,

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նկատել:

Այո′, հոգիս պատել  է ողջ տիեզերքը:

Իբրև երկրորդ հիմնավորում՝  պիտի մեջ բերենք նրա մի ուրիշ քառյակը, որտեղ  Թումանյանը մարդու մեծագույն երջանկությունը համարում է ամեն ինչի մեջ լինելու,  հալվելու, ծավալվելու  զգացնունքը.

Երնեկ էսպես անվերջ քեզ հետ  իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ դաշտում մենակ  երկնքի հետ լինեի,

Բայց ո՞վ կտա էն վայելքը ինքս ինձ էլ չզգայի

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի:

Իսահակյանը Թումանյանի մասին  պատմում էր, որ նա  ուզում էր  ‹‹ամեն տեղ հասնել, ամեն գործի մեջ լինել,  ամեն քեֆի  թամադան, ամեն ժողովում ամեն հարցերի մեջ  ընտրվի նախագահ, պատգամավոր, անդամ…Ահա այսպես մի բարդ անհագուրդ ֆաուստյան  ոգի››:

Երրորդ հիմնավորումը. ծնված լինելով Լոռվա  չնաշխարհիկ բնության  գրկում և ողջ կյանքում  կապված լինելով  այդ բնաշխարհին՝ Թումանյանը դեռ մանկությունից  իր մեջ կրում էր  այդ աշխարհը, բնությունը, տարածական ավելի մեծ հասկացողությամբ՝  ողջ տիեզերքը: Հայրենի  բնաշխարհի ամեն մի քարը, սարը,  անդունդը,  ծառը, արևը,  լուսինը,  մրջյունն ու գազանը, ծաղիկն ու խոտը՝ ողջ տիեզերքը,  Թումանյանի մեջ էր  որպես մի  միկրոտիեզերք՝  մարդկային սրտի տեսքով:  1919թ. Թումանյանը գրել է մի քառյակ և ի տարբերություն իր մյուս քառյակների՝  միայն սա  վերնագիր  ունի՝  ‹‹Սիրտ››.

Դու գիտես  մենակ ճամփեն  երկնքի,

Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,

Դու գիտես ամենն ամենից առաջ

Քո խոսքն է օրենքն   ամեն օրենքի:

Մի կողմից ողջ տիեզերքը, մյուս կողմից՝  մարդկային սիրտ, և այդ մարդկային սիրտն իր մեջ  կրում է ողջ տիեզերքը:  Ասածս հաստատում է նաև  Պարույր  Սևակը. ‹‹Օվկիանոսագետները վաղուց են  նկատած եղել, որ օվկիանոսում կան ինչ-որ ցածր, բայց հզոր հնչյուններ:   Այժմ արդեն պարզվել   է, որ դրանք…  կետ ձկան  սրտի զարկերն են, սրտի այնպիսի զարկեր, որ հնչում են  վիթխարի օվկիանոսի  խորություններում,  և զարկեր այնպիսի սրտի, որ կշռում է  չեմ հիշում,  թե քանի տոննա,   բայց հիշում եմ, որ  1 վրկ-ում  մղում է  4 տոննա  արյուն:  Թումանյանի սիրտն էլ այդպիսին է››  (5 հ. 378 էջ):

Այժմ, երբ ինչ-որ չափով բացահայտել եմ Թումանյանի մեծության առեղծվածը,  կարող ենք մտնել նրա աշխարհը: Մեծ, շատ մեծ է Թումանյանի աշխարհը: Աշխարհն այդ հիշեցնում է մեծ ու անծայրածիր   մի հրապարակ, որտեղով քայլելիս  ում ասես չես հանդիպի՝  անխելք մարդուն,  անբան Հուռուն,  ձախորդ Փանոսին, թափառական աշուղին,   Թաթուլ իշխանին ու  Ջավախքի չքնաղ գեղեցկուհուն,  բազազ Արտեմին  ու Գիքորին, թուրք Ահմեդին,  վիրավոր եղջերուին,  արծվին ու կաղնուն,   հազարան հավքին,  Փարվանա լճին,  Դևբեդ  գետին, Քոշաքարա սարին, ամպին,   արևին, լոռեցի Սաքոյին,   ահռելի ձորին և այլն:  Ես մտածված բոլորին հիշատակում եմ քերականորեն  շնչավոր արարածներ, որովհետև այդպիսին է Թումանյանի հայացքը իր աշխարհի  բոլոր արարածներին՝ ծառին,  քարին, մարդուն ու գազանին:  Մեծ բանաստեղծը ինձ միշտ ներկայանում է իր իսկ ստեղծած աշուղի  կերպարով, որ  ասես  բարձունքին կանգնած՝ ձայն է տալիս.

Հե˜յ,  պարոննե˜ր, ականջ  արեք

Թափառական աշուղին.

Սիրո′ւն տիկնայք,  ջահե′լ տղերք

Լավ ուշ դրեք իմ խաղին:

Իր բարձունքից  իր ստեղծածին  նայող  արարչի, ստեղծողի հայացքը  այլ կերպ չի  կարող  լինել՝ ինչպես  Աստված՝  հավասարի հայացքով, Տիրոջ հայացքով:  Այսպես  մտածող  իմաստուն անհատը  հետո  պատգամի պես պիտի ասի. ‹‹Արևի նման նայե′ք աշխարհին››:

Կրկին վերադառնանք   ‹‹Թմկաբերդի   առումը››  պոեմի  առաջին  քառատողին՝  Թումանյանի  աշխարհի մի այլ ասպարեզ բացելու համար՝  ‹‹Լավ ու դրեք իմ խաղին››: Ի՞նչ է պատմում Թումանյանը:  Իմ  համոզմամբ՝ հեքիաթ է պատմում: Անսկիզբ, անվերջ մի հեքիաթ, ինչպես կյանքը  տիեզերքում:  Թումանյանի ստեղծագործությունը մի հեքիաթ  է՝  իր չար ու բարի հերոսներով,  կյանքի նման հեքիաթային միջավայրով,  լի անիմանալիի,  անբացատրելիի,  հրաշալիի  տարրերով,  հուրի-փերիներով,  կերպարների՝  կատարյալի նկատմամբ իրենց  անվերջ,  անհատնում ձգտումով:  Իր հեքիաթում   մեժելով աններդաշնակ կյանքի  ու քաոսի մեջ  խճճված մարդու  ողբերգությունը  (հիշո՞ւմ եք մեր ժողովրդական հեքիաթներում  Մութի  թագավորություն  ընկած  հերոսը,  հազար փորձության ենթարկվելով,  գտնում է  Լույս  աշխարհի ճամփան)՝    Թումանյանը  հորդորում է  բոլոր ադամորդիներին  ապրել  մեծ,  անհատնում, հրաշքներով լի կյանքով:   Թումանյանը  բոլոր ստեղծագործություններից  ամենաբարձրը համարում է հեքիաթը.  ‹‹Հեքիաթի մասին ոչ միայն  մեր  ‹‹երջանիկ››    աշխարհում, ավելի լավ երկրներում էլ դեռ պարզ հասկացություն  չունեն:  Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր  ամբողջը հավիտենական սիմվոլներ են››:  Թումանյանի ստեղծագործությունն էլ  հեքիաթ է,  փորձենք  առանձնացնել  այս հեքիաթի  հավիտենական  սիմվոլները:

Թումանյանի կերպարներն այնքան անհատականացված են, որ չես շփոթի ոչ մի ուրիշ հեղինակի, ոչ մի ուրիշ հերոսի հետ:  Այնքան խորն ու անհատակ է  յուրաքանչյուր կերպար, որ մի այսբերգ է  հիշեցնում,  և մեզ տեսանելի է  միայն այսբերգի  երևացող մասը:  Բայց  տարիների, տարիքի, հասունացման  ու իմաստնացման  հետ  ամենապարզ թվացող  կերպարն էլ  դառնում է խորը  ու անհատակ:  ‹‹Աչքի  պես   պարզ, աչքի պես բարդ››, — ասում է Թումանյանը: Ո՞ւմ ուզում եք,  վերցնենք՝  Թմուկ բերդի  տիրուհուն,  թե  ‹‹Չարի վերջի››   չար աղվեսին,  ‹‹Հառաչանքի››  ծերունուն,  թե  ‹‹Արծիվն ու կաղնին››  լեգենդի  կաղնուն:  Ինչո՞ւ է այսպես:  Պատասխանը  անվերապահորեն  մեկն է, որովհետև  յուրաքանչյուր  կերպար  ու հերոս  կրում է  իրեն  ստեղծողի՝  Թումանյանի  հայացքը՝  երկնքից  դեպի   տիեզերքի  անհունները   թափառող,  տիեզերքն  իր մեջ   կրող  բանաստեղծի  հայացքը:   Ուստի  մարդկային  մտքի,  երևակայաության,  տիեզերքի  խորախորհուրդ   անհունները  ներառող   կերպարները   սոսկ  կերպարներ չեն  այլևս,  այլ  սիմվոլներ, ինչպես  հեքիաթի ժանրի  հավերժական  սիմվոլները:  Սակայն  Թումանյանի  կերպարները   ‹‹քարացած››   սիմվոլներ  չեն,   այլ   ‹‹զարգացող››  սիմվոլներ:  (Չգիտեմ՝  գրականության  մեջ  այդպիսի  եզրույթ  կա՞, թե՞  ոչ,  բայց ես միտքս  այսպես  եմ կարողանում  ձևակերպել):

Թումանյանի հերոսները  գտնվում  են  զգացմունքից  գիտակցություն  տանող  սահմանագծում:   Եվ  սահմանագիծն այդ ոչ թե   պարզապես  մի ուղիղ  գիծ է, այլ  մի խորախոր  անդունդ: Դեպի  անդունդ  գնացող,  ապա  անդունդից  վեր  հառնող  ճանապարհն է,  որ  Թումանյանի  հերոսներին  հաստատում,  դարձնում  է սիմվոլներ,  ‹‹զարգացող››  սիմվոլներ:  Բնությունից  տրված  մարդկային   զգացմունքներով,  ‹‹ցածր››  կրքերով  օժտված թումանյանական   հերոսները  շատ երկար  ու դժվարին   ճանապարհ  պիտի  անցնեն,  մինչև  հասնեն  նրա իդեալին՝  մեծատառով  Մարդուն:  Զգացմունքից  գիտակցություն տանող այդ անդունդը   մի յուրատեսակ  քավարան  է,  որով  անցնում  են   նրանք, որ  հասնեն   իրենց  արարողի՝  Թումանյանի  իդեալին:  Բանաստեղծը հրաշալի  հասկանում է,  որ   այդ ուղին շատ դժվար է,  բայց  սա նրա մեծ երազանքն է.  ‹‹Ա˜խ,  երանի,  ով մարդ  կգա,  ու մարդ կերթա  անարատ››:  Թումանյանը  ձգտում,  տենչում  է մարդու  այս տեսակի   հաստատմանն ու հզորացմանը:  Այս ձևակերպումը, եթե կուզեք,  Թումանյանի  հավատո հանգանակն է, և  նրա ողջ ստեղծագործությունը  ծառայում է  այս մեծ  նպատակին:  Բայց  Թումանյանի  հերոսներից ոչ բոլորին է հաջողվում  անցնել  քավարանով, իջնել  միչև  անդունդի  հատակը,   ապա այնքան ուժ  ու կամք  գտնել՝  անդունդից վեր հառնել կարողանալու համար և  հասնել գիտակցության  սահմանին:  Մեկ-երկու  քննություն  միայն.  Մոսին՝  վրեժի զգացումը  կործանում է  նրան, գլորում  անդունդը:  Ու  դժվար է  ասել՝  գտնելու  է արդյոք նա դեպի գիտակցություն  տանող,  անդունդից  վեր հառնող  ճանապարհը,  լոռեցի  Սոքոն՝  վախի զգացումը  կրկին անդունդն է գլորում այս  հսկա, աժդահա  տղամարդուն: Ահա  Անուշը,  տառապանքի  ի՞նչ   ճանապարհ է  անցնում  նա,  մինչև  ‹‹հասնում  է››  գիտակցության  սահմանին,  ‹‹Հառաչանքի››  ծերունին,  հասարակ մի  գյուղացի,  ում  մեջ կյանքի  խորը ընկալում  կա  ու ամբարված  իմաստնություն:  Ինձ հաճախ թվում է,  թե  Թումանյանի  հերոսները  նման են  իր հրաշալի  լեգենդի՝   ‹‹Փարվանա››-ի  անշեջ  հուրը  որոնող քաջազուններին.

Ով  իմանա՝  պետք է անցնեն

Մութ  աշխարհից, Սև  ջրից,

Ով իմանա՝ պետք է  փախցնեն

Յոթ   գլխանի  դևերից:

Գտնո՞ւմ  են նրանք անշեջ  հուրը, հասնո՞ւմ են  նրանք գիտակցության կամ  թե կատարելիության  ամենաբարձր  սահմանին:  Չգիտեմ:  Իսկ  մի՞թե   այդքան հեշտ է  այդ ուղին՝  թափանցել  մարդկային  հոգու  խորախորհուրդ   անդունդները,   հասկանալ, զգալ,  թե  ինչի է ընդունակ  մարդու հոգին:   Դժվար է,  բայց

Ջանք է անում ամեն մինը…

Սա է կարևորը՝  ջանք է անում:  Թումանյանը իր հերոսների համար բացում, տեսանելի է դարձնում այդ ուղին:   Այստեղ արդեն կարևորը նպատակը չէ,  այլ  միջոցը,  այն ճանապարհը,  որով անցնում են նրա հերոսները:  Թումանյանը մի անգամ ևս անհոգնել  հորդորում  է  իր հերոսներին ապրել  մեծ, հրաշքներով լի անանձնական կյանքով,   ամենքի հետ  լինելու,   ամենքի մեջ հալվելու,  ծավալվելու  կյանքով:

Թումանյանի ողջ  ստեղծագործությունը մի հեքիաթ է ՙ նման կյանքի հեքիաթինՙ  հարատև,   մշտանորոգ փոփոխվող:   Այդ մշտանորոգ փոփոխվող,   ձևով,  բովանդակությամբ,   գաղափարներով նորացվող ու զարգացող հեքիաթում կարմիր թելի պես անցնում  է  մի գիծ,  որը կապում  է  Թումանյանի բոլոր ստեղծագործությունները,  միավորում ու դարձնում մեկ  հեքիաթ:   Բնականաբար,   թելն այդ կարմիր  ստեղծագործության թեմային կամ ձևին չի  առնչվում,  այլ ասելիքինՙ  գաղափարին:  Վերը արել եմ այդ  ձևակերպումըՙ   «Ա~խ, երանի, ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ»:    Ահա այն կարմիր թելը,  որ իբրև ասելիք,  գաղափար,  անցնում   է    Թումանյանի ողջ ստեղծագործությամբ: Բայց անընդհատ նորոգվելով՝  նոր ձևակերպում  ստացող,   զարգացող կարմիր թելի վերջը չի գալիս ու կապվում  սկզբին,   այսինքնՙ շրջան չի կազմում ու  ավարտվում:    Ասել  է  թե,  Թումանյանի ասելիքը,  ինչպես նաև ողջ ստեղծագործությունը  քարացած,  ավարտուն մի բան չէ,  այլ մշտանորոգ փոփոխվող ու  զարգացող:   Այս հայացքով դիտելիս նրա կարմիր թելը շրջան չէ,  այլ պարույյր:   Թումանյանի ավարտուն ասելիքը սկիզբ  է  դառնում  մի նոր ասելիքի, նոր գաղափարի,  որ  նախորդի զարգացած  ձևակերպումն  է:    «Ա~խ,   երանի…»  տողի բնական զարգացումը   «Տիեզերքում աստվածային…»  քառյակն  է,  որին,  իրավամբ պիտի հաջորդի  «Տիեզերքի տերն եմ եղել»   տողը:  Տողերից  յուրաքանչյուրը, որ ասես  գրված են Թումանյանի ողջ ստեղծագործությամբ ձգվող պարույրի վրա,  մի-մի բանալի են կարծես նրա ստեղծագործական կյանքի ամեն մի էտապը,  շրջանը հասկանալու  համար:  Մեզանից  յուրաքանչյուրը այս պարույրի վրա անպայման նոր բանալի – ձևակերպումներ կավելացնի,   որոնք բաց եմ թողել:  Ես ուզում եմ խոսել,  իմ կարծիքով,  վերջին բանալի – ձևակերպման մասինՙ   «Տիեզերքի տերն եմ եղել»:   Ինչո՞ւ  է  մեծ բանաստեղծը  «ձգտել»   տիեզերքի տերը լինել:   Պատասխանը անվերապահորեն մեկն է,  որ  «արևի նման նայի  աշխարհին», իսկ հետո նաև որպես պատգամ  ՙպատգամի եկող սերունդներին, իր ժողովրդին,  Մարդուն .«Արևի նման նայեցե´ք աշխարհին»,  այսինքն ՙ Արարչի նման,  Տիրոջ պես:  Եղեք արևի նման  շռայլ,  անհատնում  ու   առատ:

Թողնել մեկնաբանություն