Մի նկարի պատմություն

P1160896_0      Մկրտիչ Պեշիկթաշյանի մասին Նարինե Թուխիկյանի  «Խոստովանություն» հաղորդաշարը դիտելուց հետո  մեծ տպավորություններով եկա դասի:  Հաղորդաշարի  դիտելը  ուներ իր շարժառիթը. մենք ՝քոլեջի ուսանողներս, ‹‹Մկրտիչ Պեշիկթաշյան›› նախագիծ  ենք իրականացնում:  Հայոց լեզվի դասին պատվելի  Թամարը մեզ համար մեծ անակնկալ էր պատրաստել, իր հետ բերելով Վաչե Սաֆարյանի մենագրությունը Մ.  Պեշիկթաշյանի մասին:

  Անակնկալները շարունակվում էին իրար հետևից:  Գիրքը կարդալու ընթացքում պարզվեց, որ այն խմբագրել է մեծ բանաստեղծը՝ Պարույր Սևակը: Այնուհետև հայտնաբերեցինք, որ գրքի տիտղոսաթերթին  ներկայացվող գծանկարի հեղինակը  20-րդ դարի մյուս  մեծությունն է՝ Մինաս Ավետիսյանը: Մենք ավելի շատ ոգևորվեցինք, քանի որ մեզանից յուրաքաչյուրը իր համար նոր բաներ սկսեց բացահայտել Մկրտիչ Պեշիկթաշյան մարդու, բանաստեղծի և մանկավարժի մասին:  Այդ դասին  մենք բացահայտեցինք մի կերպար, որը համարձակ էր՝ իր արտաքինի բարդույթներից տառապելով և միաժամանակ երջանիկ, քանի որ սիրում էր իր աշակերտուհուն՝Սրբուհի Տյուսաբին, և հուսով էր, որ այդ սերը կդառնար փոխադարձ, ինչը, ցավոք, այդպես չէր:

Նա խիզախ էր, տղամարդկային, միաժամանակ՝ փխրուն և նուրբ: Այն սերը, հանուն որի նա ապրում էր, այլևս չկար, ու հենց այդ սիրո վախճանը սպանեց  հայտնի բանաստեղծին և գործչին, և թողեց այս գեղեցիկ նկարը, որտեղ մեծ նկարիչը՝  Մինաս Ավետիսյանը, ներկայացրել է ոչ միայն նրա համեստ արտաքինը, այլ այն ամբողջ հակասական զգացմունքները, որոնք իշխում էին Պեշիկթաշլյանի մեջ: Ես համոզված եմ, որ բացի այդ նկարից, ես ինձ համար  դեռ շատ բաներ կբացահայտեմ նրա մասին:

Անի Հարությունյան,քոլեջ

Թողնել մեկնաբանություն