Ուսումնական նախագիծը ` որպես սովորողի և դասավանդողի համատեղ ուսումնական աշխատանք

OLYMPUS DIGITAL CAMERA2012-13  ուստարում  կրթահամալիրում ուսումնական աշխատանքի ամենագործուն ձևը իրավամբ կարելի է համարել ուսումնական նախագիծը: Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ, ինչպիսին էլ որ այն լինի՝ ճամփորդական, էկոլոգիական, թե ճանաչողական,  միտված է մի գլխավոր նպատակի՝ ավելի շատ սովորողներ ներառելու ստեղծագործական–հետազոտական  աշխատանքի մեջ,  խթանելու նրանց  մտավոր և ֆիզիկական  ունակությունները, հմտություններն ու  կարողությունները: Նախագծերի շարունակական բնույթը հնարավորություն  է տալիս՝ սովորողին մղելու որոնողական, վերլուծական  ու համադրական տարաբնույթ  աշխատանքների, որոնք, անպայման, խթանում են  նրա մեջ սովորելու, յուրացնելու, դիդակտիկ կերպով գիտելիքը ամբարելու գործընթացը՝ ոչ ավանդական   ուսուցման մեթոդներով:

Դասագրքային սահմանափակ գիտելիքները այսօրվա ինֆորմացված սովորողի համար հաճախ անբավարար են  տարաբնույթ նախագծերի իրականացման համար: Կենդանի խոսքը,  իրական, ճանաչողական  ճամփորդությունը, համացանցն ու  բազմաթիվ  սոցցանցերում եղած ամենատարբեր տեղեկատվությունը գալիս են լրացնելու  դասագրքային սահմանափակության պակասը, և դասագրքի նյութը սերտող սովորական աշակերտը վերափոխվում  է՝ դառնալով հետազոտող, ստեղծական աշխատանք իրականացնող անհատ: Ցանկացած նախագծի շարունակական բնույթն, անշուշտ,  հրաշալի առիթ է նաև սովորող-դասավանդող կապը ամրապնդելու համար, ավագի և կրտսերի փոխհարաբերության վերածելու, ինչպես նաև  ուսուցիչ-աշակերտ ավանդական չոր, պաշտոնական փոխհարաբերությունից ձերբազատվելու համար: Բոլորդ կհաստատեք, որ ուսումնական  ճամփորդության  ընթացքում դասավանդողն ավելի հեշտ ու արդյունավետ է կարողանում գիտելիքը սովորողի սեփականությունը դարձնել, դժվարին ճանապարհ կամ բարձունք հաղթահարելիս վերանում են տարիքային բոլոր անջրպետները ու հաղթում է համերաշխությունը, իսկական ընկերությունը, ջերմությունն ու հոգատարությունը:  ‹‹Վահան Տերյան››  նախագծի շրջանակներում Գանձա կատաարած մեր քառօրյա ճամփորդության արդյունքում թե’ մասնակից  սովորողների և թե’  մեր՝ ուսուցիչներիս ամենամեծ ձեռքբերումը հենց այդ ջերմությունն էր ու փոխադարձ վստահությունը: http://www.mskh.am/am/24291, http://lusastx.mskh.am/?p=2085 :

Ուսումնական նախագիծ իրականացնելիս աշխատելով կրթահամալիրի տարբեր  օղակներում (միջին, ավագ, մանկավարժական քոլեջ)՝  հաշվի եմ առել այն հանգամանքը, որ   գործ ունեմ սովորողների տարբեր տարիքային խմբերի և ուսանողների հետ,  ուստի փորձել եմ կոորդինացնել նախագծային աշխատանքները՝ըստ սովորողների տարիքային առանձնահատկությունների՝ ավելի շատ մասնակիցներ ընգրկելով: Այսպես՝ եթե միջին դպրոցում ըստ նախագծի՝ ուսումնասիրել, սովորել ենք Տերյանի  առանձին բանաստեղծություններ և ուսումնական նյութեր, օլիմպիական առաջադրանքներ իրականացրել, ապա ավագ դպրոցում հասցրել ենք  ուսումնասիրել բանաստեղծի ‹‹Մթնշաղի անուրջներ›› և  ‹‹Երկիր Նաիրի›› շարքերը, գրել ռեֆերատներ, առանձին վերլուծություններ արել, անդրադարձել  Տերյանի՝ որպես հասարակական-պետական գործչի կերպարին:  Դե իսկ մանկավարժական քոլեջի ուսանողների հետ տարվել ենք  Տերյան բանաստեղծի ու մարդու այնքա՜ն հետաքրքիր նամակներով՝ ապրումակցելով նրա հույզերին ու զգացնունքներին http://www.mskh.am/am/29160 և բանաստեղծի կյանքից ու կենսագրությունից մեզ համար անհրաժեշտ  բացահայտումներ արել:

Այս օրերին ես իմ դասարաններում աշխատում եմ  ‹‹Էրգիր›› http://mijin.mskh.am/8212, http://mijin.mskh.am/8165, http://mijin.mskh.am/8156, http://mijin.mskh.am/8118, http://mijin.mskh.am/8192http://mijin.mskh.am/8193, http://mijin.mskh.am/8191  և ‹‹Մեծարենցը արևմտահայերենի ուսուցիչ››  նախագծերի վրա http://mijin.mskh.am/8254: Նախագծից նախագիծ անցնելով՝ ուրախությամբ եմ արձանագրում, որ ինքս էլ՝ իբրև դասավանդող, սովորում եմ, հետազոտում, փոքրիկ հայտնություններ անում: Ասել է թե ստեղծական աշխատանքն անվերջ է,  ձեռքբերումներով ու հետաքրքիր բացահայտումներով լի:

Դասավանդող՝  Թամար Ղահրամանյան

Թողնել մեկնաբանություն