Եվ թևածում էր մեր երգը…

524545_767613999929038_255310503_nԳարուն է: Երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո ‹‹Սեբաստացիներ›› երգչախումբն սկսեց իր գարնանային համերգաշրջանը: Նորեկ գարնան հետ երգը մեր հոգում՝ երգը  սիրող ու փայփայող  մի խումբ ուսուցիչներով, մեր խմբավար Հարություն Թոփիկյանի հետ   ճանապարհվեցինք Կոտայքի մարզի մի քանի եկեղեցիներ: Առաջին եկեղեցին Եղվարդի Սուրբ Աստվածածինն էր, մի չքնաղ եկեղեցի՝ կառուցված քրիստոնեության ընդունման հազարամյակի առթիվ՝  1301թվականին: Մեզ դիմավորեց մեր գործընկերոջ՝ Հասմիկ Մաթևոսյանի հայրը՝  Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա  տեր Հովնան Մաթևոսյանը:

Չնայած գարնանային ցրտին ու ամպամած երկնքին՝ տրամադրություններս հրաշալի էր. դրանից էր հավանաբար, որ մեր երգը եկեղեցու բակում այդքան ինքնաբուխ ու հուզառատ էր:  Մեզ ունկնդրելու էին եկել  եղվարդցիները, իսկ հետո ելույթ ունեցավ Եղվարդի արվեստի դպրոցի մանկական երգչախումբը, վառ, խլրտուն աղջիկների մի փոքրիկ խումբ, որ մանկական անմիջականությամբ երգում էր Կոմիտասի երգերը: Եղվարդում մի խոնարհված եկեղեցի էլ հայտնաբերեցինք  մի քանի փողոց այն կողմ՝ կառուցված 4-րդ դարում:

Հաջորդ  եկեղեցին  Սուրբ Թեոդորոսի  խոնարհված վանքն էր՝ Ղառղառավանքը:  Քայլարշավից հետո, երբ արդեն բարձունքին էինք՝ եկեղեցու կամարների ներքո՝  բաց երկնքի տակ, մեր երգն ազատորեն  թևածում էր  գարնանային երկնքում  իրենց  վեհ սլացքով  մեզ գերած արծիվների հետ միասին: Լուսավոր ու պայծառ տրամադրությամբ հրաժեշտ տվինք Ղառղառավանքին ՝  Լուսակերտի  եկեղեցում  լինելու ակնկալիքով: Այստեղ մեզ արդեն սպասում էին: Զարմացել էինք, թե մեր երգը ինչպես հուզեց ներկաների սրտերը՝ արցունքներ մարդկանց աչքերում, ծնկաչոք ունկնդրում: Մենք էլ էինք տպավորված:  Վերադարձին երգելու մեր հավեսը չէր սպառվել, երևի դրանից էր, որ արդեն ավտոբուսում նոր թափով սկսեցինք երգել մեր մյուս երգերը:

Իրիկնամուտին արևը մայր էր մտնում Բաբուջյան Կարինեենց  հյուրընկալ բակում՝ սեղանի շուրջ, անուշ կենացների ուղեկցությամբ:  Այո′, այս օրն էլ այսպես ապրեցինք:

Դասավանդող՝ Թամար Ղահրամանյան

Թողնել մեկնաբանություն