Դիջիպատում

6969_318100911638488_907190935_nՈրպես սկիզբ

Դպրոցում էի սովորում: Դասղեկի ժամին  պիտի զրուցեինք «Երջանկությունն իմ պատկերացմամբ»  թեմայով: Տարիներ են անցել, զրույցի մանրամասները չեմ հիշում, չեմ հիշում  ընկերներիս ձևակերպումները, սակայն հիշողությանս մեջ ամուր դրոշմվել է իմ  ձևակերպումը՝ «Իմ պատկերացմամբ  մարդու համար երջանկության աղբյուրը  աշխատանքն է»:  Չգիտեմ, թե ինչու և ինչպես էի նման եզրահանգման եկել, երբ դեռ ընդամենը տասնհինգ տարեկան էի, և իմ «ճաշակած»  աշխատանք էլ իմ ուսումնառության տարիներն էին   դպրոցում: Այսօր, սակայն, տարիների հեռավորությունից վերադառնալով իմ  ձևակերպմանը՝ անվարան ժպտում եմ  ու հավելում, որ աշխատանքն, այո’, ստեղծագործ  աշխատանքը ոչ միայն երջանկություն է,  այն  վայելք է, ինքնահաստատման ու ինքնաարտահայտման կարևորագույն  միջոց,  աշխարհընկալում ու աշխարհաճանաչողություն:

Հիմա՝ ըստ էության

2013թ. աշխատանքային տարի էր:  Սեպտեմբերից  աշխատում եմ   կրթահամալիրի  քոլեջ  արհեստների ավագ դպրոցում: Այս օղակում աշխատել եմ տարիներ առաջ: Այսօր, սակայն, կրթահամալիրը նոր ժամանակներ է թևակոխել, շատ բան է փոխվել՝ այլընտրանքային դպրոց,  մեդիակրթություն,  նախագծային ուսուցում, դասասագրքերի փոխարեն նեթբուք-նոթբուք, ինտերնետ և այլն: Սեպտեմբերին արհեստների ավագ դպրոցում  ես նոր մարդ էի, և այդ ամենն իրագործելուց առաջ ինձ նախ և առաջ հարկավոր էր  իրականացնել մի շատ կարևոր «նախագիծ»՝ փոխադարձ վստահության «նախագիծը»: 2014թ. այս օրերին  կարող եմ ասել, որ այն առավելագույնս իրագործել եմ, և դա իմ ձեռքբերումն է: Չգիտեմ, թե ինչ եմ ուսուցանել  իմ աշակերտներին, բայց որ նրանցից շատ բան եմ վերցրել, անվիճելի է: Ավագի ու կրտսերի՝ փոխադարձ վստահության վրա շաղախված մեր փոխհարաբերությունների մեջ առաջին քայլը  մի կարճաժամկետ նախագիծ էր, որ  կոչվում էր  «Ուզում եմ ներկայանալ»:  Նախագիծն ինձ հնարավորություն տվեց հատիկ-հատիկ ծանոթանալ ու ճանաչել արհեստների ավագ դպրոցում և քոլեջում սովորող բոլոր աշակերտներին, դե իսկ աշակերտներին տվեց բանավոր պատմելու  կարողություն, մտքերն անկաշկանդ, ազատ  շարադրելու և բանավիճելու հմտություն, ենթակայքում տպագրվելու հնարավորություն, աշխատանք  ուղղված գրագիտությանը և այլն:  Այս նախագծին հաջորդեց «Բարձունքների նվաճում»  նախագիծը, որն իրականում շարունակում էր նախորդ նախագծի իմ հետապնդած նպատակը՝ դասի գործընթացից դուրս ճանաչել արհեստների դպրոցի մի մեծ խումբ սովորողների:  Նախագծային ուսուցումը մեզանում նորություն է, իսկ արհեստների դպրոցի սովորողների հիմնական կազմը  եկել են այլ դպրոցներից, ուստի «Վիկտոր Համբարձումյան» «Գրիգոր Գուրզադյան»«Էրեբունի-Երևան» ‹‹Կոմիտաս››  և «Սեբաստացու օրեր» կարճաժամկետ նախագծերն իրականացնելիս առաջխաղացումը այդ աշխատանքներին  ավելի շատ սովորողների ներգրավվածությունն է՝ ամեն մեկն իր կարողությունների ու ընդունակությունների չափով:

Ուզում եմ պատմել մեր իրականացրած  նախագծերից մեկի ՝ «Մկրտիչ  Պեշիկթաշլյան» նախագիծի մասին: Նախագծի գաղափարը տիար Բլեյանինն էր, «Եղբայր եմք մեք» երգի ուսուցումն էլ՝ առիթը: Նախագիծը սկսեցինք նոյեմբերի վերջերին և ամփոփում ենք այս օրերին: Մեր իրականության մեջ Պեշկթաշլյանն անիրավացիորեն քիչ ուսումնասիրված հեղինակ է, այնինչ նրա գրական, մանկավարժական, հասարակական, թատերական գործունեությունը արժանի է ուշադրության և  ուսանելի  ու ճանաչողական մեծ դեր ունի: Նախագիծն սկսելուց առաջ իմ բլոգում հրապարակել եմ առաջադրանքների փաթեթը և քայլ-քայլ կազմակերպել, խրախուսել  աշխատանքները: Այս նախագիծն էլ,  ինչպես ամեն մի նախագիծ,  կարծում եմ,  հրաշալի առիթ էր  ոչ միայն սովորողների, այլ նաև ու նա’խ և առաջ ինձ համար  հետաքրքիր բացահայտումներ  ու եզրահանգումներ անելու:

Ձմեռային ճամբարի օրերին  սիրով իրականացրի   «Ժողովրդական խաղիկներ»  նախագիծը: Նախագծի իրագործումը անսովոր էր այնքանով, որ խաղիկների ուսուցումը կատարվում էր առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ, այս կամ այն ժողովրդական երգի, մեղեդու ուղեկցությամբ ու պարային կատարումով: Այս նախագիծը, կարծում եմ, դեռ շարունակություն կունենա՝ ավելի հետաքրքիր լուծումներով:

Դե ինչ, սա էլ իմ 2013-ի  դիջիպատումը:

«Մկրտիչ  Պեշիկթաշլյան»  նախագծի ամփոփումը`  կից նյութերով, կավարտեմ  մի քանի օրից:

Թողնել մեկնաբանություն