Հրանտ Մաթևոսյանը Վիկտոր Համբարձումյանի մասին

download

Նրանք մեր հիշողությունն են. նա մեր ընդհանրական հիշողությունն էր:

Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում:

Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով:

Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:

Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ:

Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:

Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն — նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Աղբյուրը` http://lurer.com/?p=85986&l=am

Թողնել մեկնաբանություն