Վահրամ Փափազյանը Վահան Թոթովենցի մասին

Vahantotovenc_Gaxtnitxtapanak_erkir_20110705_041726

Այդ տարիներին  Երևանում  իմ մտերիմն  ու մխիթարանքը  Թոթովենցն էր:

Հազիվ մի երկու տարի առաջ հանդրպել էի  Վահանին`  իր շնորհալի կնոջ  հետ, Պոլսո  փողոցներից մեկում` ամռան մի  գեղեցիկ  օր, և  մի երկու բաժակ գարեջրի շուրջ սեղանակցել  Շիշլիի  ամառային  պարտեզում:

Այդ  «կապուտաչյա տղեկին», ինչպես ինքն է  անվանում  իրեն` իր այնքան  գեղեցիկ  գրքում, սիրում էի ես, և  ճանաչողը  նրան  չէր  կարող չսիրել:  Հաճախ էր լինում  մեր կուլիսներում,  և  նրա  տունը  միակն էր  այդ ժամանակներում,  ուր  անդորր ու խաղաղ  ժամեր  էի  գտնում ես` իմ թանկագին  Թինայի հետ, որին  նույնպես  դուր էր գալիս  Վահանը`  իր կոտրտված  ռուսերենով:

Կապուտաչյա  բարեկամս  հմուտ   անգլիագետ էր  և շեքսպիրյան  մասնագետ.  Ահա թե ինչու մեր հանդիպումները երբեմն  երկարում էին մինչև  ուշ գիշեր` իմ սիրած  հեղինակի շուրջ,  երբեմն հասնում  անհաշտ վիճաբանության,  երբեմն էլ` երկուստեք  համաձայնության:  Եվ  պատահում էր  շատ հաճախ,  որ  Վահանը գիշերում էր ինձ մոտ`  թատրոնի  կուլիսների  ետևում`  իմ  խղճուկ  սենյակում,   կամ ես  նրա մոտ`  իր համեստ տանը` առանց  վերմակի կամ առանց բարձի, որովհետև այդ կապուտաչյա, սիրուն  մարդը  ավելորդ վերմակ  կամ բարձ  իսկ  չուներ:

Մեր ազգային  վերածննդի,  մեր արվեստի, ինչպես  և մեր  նոր ժամանակների բոցաշունչ  հռետորն էր Վահանը`  անբասիր մի սիրտ,  թևավոր մի հոգի,   և  Պոլսից  իմ Երևան գալու  հարցում  նա մեծ դեր ուներ:  Եվ,  իրոք,   վա՜յ  ինձ,  որ այս  տողերում  ինձ վիճակված է  սգալ  ողբը  իմ   բարեկամի…

Թողնել մեկնաբանություն