«Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն» առարկայի ծրագիր

38448911_557612751320633_2968891040938852352_nԱռարկային հատկացված ժամաքանակը՝ 144 ժամ, շաբաթաթական երկու դասաժամով:

«Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն» առարկայի  նպատակները

Առարկայի դասընթացը նախատեսված է իրականացնել Քոլեջի  «Գրադարանային գործ»  մասնագիտության հեռավար ուսուցումն ընտրած ուսանողի հետ: Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ այն ապահովի ուսանողի` մեկամյա դասընթացից ստացած տեսական և գործնական գիտելիքների կիրառությունը իրական կյանքում և աշխատանքային գործունեության ընթացքում։

«Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն»  առարկայի դասընթացը նպատակ ունի ուսանողներին գիտելիքներ հաղորդել ժողովրդական բանահյուսության արժեքավոր նմուշների, դրանց պատմական զարգացման փուլերի, գրական և բարբառային  տարբերակների վերաբերյալ:

Դասընթացը  նպատակ ունի նաև՝  նպաստելու ուսանողի որակյալ, գրագետ, բանիմաց մասնագետ դառնալուն:

«Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն» առարկայի  խնդիրները

Ուսանողի գիտելիքի հարստացում, աշխարհայացքի  ճանաչողության ընդլայնում, շփում սեփական ժողովրդի բանավոր ստեղծագործության արժեքավոր նմուշների հետ և դրանց գործնական յուրացում:

Ժողովրդական բանահյուսության և մանկական գրականության տարաբնույթ ժանրերի ընթերցումների միջոցով ուսանողների գրական ճաշակի և խոսքի մշակույթի  զարգացում:

Հանրագիտարաններից, մասնագիտական գրականությունից, համացանցից օգտվելու և ինքնուրույն կերպով  գիտելիքներ ձեռք բերելու հմտությունների մշակում ու զարգացում:

Դասընթացի ընթացքում ուսանողը բերանացի կյուրացնի ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշներ՝ խաղիկներ, առած-ասացվածքներ, սիրային ու աշխատանքային երգեր, պարերգեր: Այն կնպաստի ուսանողի ստեղծագործական հմտությունները, երևակայական մտածողությունը  խթանելուն ու զարգացնելուն:

Մեդիամիջավայրը

Անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով առանձնացված  բանահյուսական արժեքավոր նմուշների, ուսումնական մեդիագրականության տեղադրում, որը նաև տեղ կգտնի ուսանողի անհատական ուսումնական բլոգում, կրթահամալիրի մեդիագրադարանի նմուշների օգտագործում:

Ծրագրի բովանդակային մաս

Հայ ժողովրդական բանահյուսությունը՝ որպես աշխարհի ամենահարուստ հնագույն բանավոր ստեղծագործություն:

Հայ ժողովրդական բանահյուսության աղերսները հայ ժողովրդի պատմության հետ,  ընդհանություններն ու տարբերությունները: Պատկերներն ու կերպարները՝ որպես բանահյուսության սկզբունքներ, տրամաբանական փաստարկումները՝ որպես պատմագրության, պատմական երևույթների մեկնաբանման սկզբունքներ:

Հայ ժողովրդական բանահյուսության զարգացման փուլերը՝ հնագույն շրջան,  միջնադարյան բանահյուսություն, նոր ժամանակների բանահյուսություն:

Հայ ժողովրդական բանահյուսության ժանրեր

Էպիկական ժանրի ստեղծագործություններ

1.Առասպելներ և առասպելական զրույցներ՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես, Սաթենիկ և Արտավազդ», «Վահագնի ծնունդը», հայոց հեթանոսական դիցարանը, հայ հին աստվածներ, առասպելական զրույցներ հայոց դիցարանի աստվածների մասին:  Հայ բանահյուսության այլ պատառիկներ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Առասպելների և մանկական գրականության սերտ կապը՝ Ղազարոս Աղայան «Տորք Անգեղ» ավանդազրույցը:

2.Ժողովրդական հերոսավեպ՝ էպոս  «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր»  էպոսը՝ որպես  հայ ժողովրդական կյանքի հանրագիտարան,  էպոսի առաջին գրառողները՝ Գարեգին Սրվանձտյան (1873թ.), Մանուկ Աբեղյան (1889թ.), նշանավոր ասացողներ՝ Մշո դաշտի Առնիստ գյուղի բնակիչ ասացող Կրպո և մշեցի Նախո քեռի, գաղափար հայկական էպոսի շուրջ 150 պատումների մասին, հազարամյա հոբելյան և համահավաք տեքստի ստեղծում:  Էպոսի ճյուղերը,  հերոսները, պատմական և առասպելական շերտերը, գեղարվեստական արտահայտչության հարուստ ու բազմազան միջոցները՝ կոմպոզիցիա, սյուժեներ, կոնֆլիկտներ, գեղարվեստական արժանիքներ: Էպոսի և մանկական գրականության կապը՝ Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ» պոեմը:

3.Հեքիաթներ՝ հրաշապատում և իրապատում տեսակներով, հեքիաթին հատուկ ֆանտաստիկ, անիրական  հնարանքներ, երևակայական կերպարներ ու իրադարձություններ, հեքիաթի ժանրի սերտ կապը ժողովրդական վեհ իդեալների ու գաղափարների, ժողովրդի կենսափիլիսոփայության հետ: Հեքիաթների և մանկական գրականության կապը՝  Հ. Թումանյան «Հեքիաթներ», Ղազարոս Աղայան «Անահիտ», Աթաբեկ Խնկոյան «Հեքիաթներ»:

4.Ավանդություններ և զրույցները՝ որպես իրական և  հավաստի փոքր ծավալի պատմություններ ազգային կյանքի վաղուց անցած ու հուշ դարձած դեպքերի ու դեմքերի շուրջ, դրանց ճանաչողական և գեղարվեստական բարձր արժեքը: Ավանդություններն ու զրույցները՝ հայ մանկագիրների բալլադների և լեգենդների հիմք: («Փարվանա», «Աղավնու վանքը», «Մոր սիրտը»):

5.Առակները՝  կոմպոզիցիոն առանձնահատկությունները, կառուցվածքը,  ալեգորիան, բարոյախոսական ուղղվածությունը:

6.Անեկդոտներ՝ որպես  մեր օրերի ժողովրդական  բանահյուսության ամենակենդանի ժանր:

7.Առած- ասացվածքները՝ որպես ուղղակի և փոխաբերական իմաստ ունեցող կարճ, պատկերավոր ասույթներ, դատողություններ:

8.Հանելուկները՝  ժողովրդի տրամաբանական ընդունակություններն ու միտքը խթանող ու զարգացնող  էպիկական ժանրի տեսակ:

Քնարական ժանրի ստեղծագործություններ

1.Աշխատանքային երգեր

2.Պանդխտության երգեր

3.Սիրային երգեր

4.Խաղիկներ

Կենցաղային ծիսական քնարերգություն

 1.Հարսանեկան երգեր

2.Պարերգեր

3.Օրորոցայիններ և մանկական խաղերգեր

Մանկագիրներ

Հայ մանակագիրների  ստեղծագործությունների  սերտ աղերսները ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրերի հետ և դրանք՝ որպես մեր գրականության հարստություն:

Հովհաննես Թումանյանը որպես մանկագիր

Ղազարոս Աղայան

Ավետիք Իսահակյան

Աթաբեկ Խնկոյան

Մկրտիչ Կորյուն

Ռոբերտ Սահակյան

Սուրեն Մուրադյան

Համաշխարհային գրականությունից՝

Ջաննի Ռոդարի

Դոնալդ Բիսեթ

Աստրիդ Լունգրեն

Հանս Քիրստյան Անդերսեն

Գրիմ եղբայրներ

Ծրագրի հեղինակ՝  Թամար Ղահրամանյան

Թողնել մեկնաբանություն