Բանաստեղծության տեսակներ՝ գազել

Գազելը, ղազալին (արաբերեն/պարսկերեն՝ غزلթուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից (բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Բանաստեղծական այս տեսակը տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։ Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆիզի մոտ (XIV դար)։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

Վահան Տերյան

Սիրելի  Պաոլո Մակինցյանին

Եկան օրեր ու անցան, ու ինձ ոչինչ չըմնաց.
Հուրե՜ր, հուրե՜ր — ծիածան, ու ինձ ոչինչ չըմնաց։

Գարնան անուշ ծաղկանց պես, վարդերի պես հրահրուն,
Հողմով տարված հեռացան, ու ինձ ոչինչ չըմնաց։

Ու նոքա որ սիրեցին — սիրտս նրանց չըտվի,
Գնացին ու չըդարձան, ու ինձ ոչինչ չըմնաց։

Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ —
Արբեցին ու մոռացան, ու ինձ ոչինչ չըմնաց։

Ձմեռ իջավ իմ գլխին և ցուրտ, և խոր, և անդորր,
Աղբյուրներըս չորացան — ոչի՜նչ, ոչի՜նչ չըմնաց…

 

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

 

Եղիշե Չարենց

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,-
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

* * *
Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր…

 

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր…

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s