Որսորդական փչոցներ և այլ պատմվածքներ

Image_2930.jpgԻնչն է կարմրին տալիս

Գորիսի Բռուն գյուղացի Լղարին Ծատուրի կարմիր կովը կորավ: Ծատուրը բարձրացավ իր տան կտուրը, ձեռքը դրեց ճակատին հով արած նայեց սարերին ու տեսավ մի բան է կարմրին տալիս  Քաչալ-սարի լանջին:  «Էդ կա-չկա իմ կարմիր կովն է….», — վճռեց Ծատուրն ու ջորին նստեց գնաց: Գնաց-գնաց հասավ Քաչալ-սարի լանջին, տեսավ կարմրին տվողը մի ահագին մորի է…

Լոռեցոց հնարած բաներից

Մի ագռավ պտտվում էր Լոռու ձորի վրա, իսկ ժայռերի գլխի տափարակին մատաղ էին մորթել ու քեֆ էին անում մեր պապերը: Զուռնան փչում էր, ջահելները «ջիրինդ» էին խաղում, իսկ կրակի վրա խլթխլթում էր չորսկանթանի կաթսան` մատաղը մեջը:

Պտտվեց-պտտվեց ձորի վրա այն ագռավը ու եկավ եռացող կաթսայի մեջ ընկավ:

-Վո~ւյ քոռանաս դու, մեր մատաղը հարամեց,- ճչացին կանայք ու խփեցին իրենց ծնկներին: Դե հո հարամ մատաղ չէին  բաժանելու. կաթսան շուռ տվին տափարակի կանաչի վրա: Շուռ տվին ու մնացին քարացած, մեջը մի խաշված օձ կար:

Մի տես աստծու բաներին, է~, — քրթմնջում էին ծերերը,-կյանքը տվեց, բայց տես քանի~ կյանք  ազատեց…

Թվայնացումը` Թամար Ղահրամանյանի, դասավանդող

Մայր այծը

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։

Եվ ես խլացնելով իմ մեջ խղճի ձայնը՝ կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծի վրա։

Որոտից սարսափահար՝ կենդանիները վեր թռան ու  սուրացին ժայռերի երկայնքով։ Այն այծը, որի վրա կրակել էի, նայեց ինձ չգիտեմ ինչ հայացքով,- հեռու էր, նրա աչքերի արտահայտությունը որոշել չէր կարող,-և փոխանակ փախչելու իր ընկերների հետևից, գողտրիկ ոստյուններով վազեց դեպի ինձ և կանգ առավ ժայռի ստորոտում, ինձնից ընդամենը տասնհինգ քայլ ցած։ Այս անգամ ես որսացի նրա որոնող հայացքը, որ լի էր տագնապով ու սարսափով։ Ուղիղ հրացանիս փողի դիմաց կանգնել է նա դողդողացող  մկաններով, տեսնում է ինձ՝ իրեն մահ բերողին, բայց չի փախչում․ նրա հայցքը տենդագին փնտրում է մեկին։

Մինչ ես նշան էի բռնել իմ զոհի կրծքին և մատս սեղմում էր հրացանի ձգանը, այդ «մեկը», որին նա փնտրում էր տենդագին և որի համար նա այնպես անվախ վազում էր դեպի մահաբեր զենքը, այդ «մեկը»  հանկարծ դուրս թռավ ոտքիս տակից՝ ժայռի խոռոչից, ուր թաքնվել էր, ոստոստալով հասավ իրեն փնտրողին ու մտավ նրա վզի տակ։

Ուլն է ․․․

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։

Այդ պահին իմ դիմացի լեռան ծերպերում թնդյուններ լսվեցին, և ականջիս հասավ ընկերոջս ուրախ կանչը․

-Խփել ե˜մ, արի տանե˜նք, արի օգնի˜ր․․․

Եվ նա սկսեց ինքն իրեն երգել ու սուլել։ Ուրախ էր։ Ուրախ էր, որ այծ էր սպանել։ Ես նույնպես ուրախ էի։ Բայց ուրախ էի, որ չէ՛ի սպանել, որ չորբացավ այն սիրուն ուլիկը․․․

 Աղաչանք

Ամառնամուտ էր։

Գնում էի Հաղարծնի անտառով։ Երկնամերձ հաճարենիները այնպես փարթամորեն էին տերևակայել, որ արեգակի ճառագայթները միայն տեղ-տեղ էին նեղ շերտերով թափանցում անտառի աղջամուղջը։

Աշնանը թափված տերևները ձյան հաստ շերտի տակ կպել էին իրար, ամրացել, և ես ընթանում էի տերևներից մամլած այդ խալավոր «թաղիքի» վրայով։

Իմ առաջ մի փոքր ձորակ բացվեց, այդտեղ սև հաղարջի թփեր կան։ Մոտեցա, ձեռքս մեկնեցի նոր սևացող ողկույզներին և դեռ չքաղած՝ խշխշոց լսեցի վերևում, զգացի, որ անասուն է անցնում։ Որսորդի բնազդով իսկույն բացեցի հրացանիս փակը ու հայցքով շարունակեցի հետախուզել անտառը։ Այդ պահին ուղիղ իմ դիմաց, հաճարենիների   ճերմակավուն  բների հետևում մի թուխ արջ երևաց, որ աշխատում էր աննկատելի առաջ գնալ և նետվել հաջորդ ձորակը։ Արջն այդպես է ՝ քանի իրեն չեն նկատել, զսպում է իր տագնապը, կեղծ հանգիստ է ձևանում և ջանում է անձայն ծածկվել մարդու տեսողությունից։ Ու հենց դուրս եկավ որսորդի տեսողության դաշտից՝ փախչում է ՝ ճյուղ ու թուփ փշրելով։

Հիմա ձևացնում է, թե՝ հե՛չ, իբր ինձ չի նկատել ու  մի աչքով թաքուն իմ շարժումներին հետևելով ՝ առաջ է գնում կողքահանց։ Մեծ, փորձված արջ է և շատ լավ գիտե, թե ինչ է ձեռքիս, ու գաղտագողի հրացանիս է նայում։

Ես անմիջապես նստեցի և նշան բռնեցի։ Հենց հրացանը մեկնեցի, դա երեսով դարձավ դեպի ինձ, պպզեց և առաջին թաթերը վեր բարձրացրեց։ Դողդողում է սարսափից ու ինձ  թվում է իր արջային լեզվով բան է ասում- խուլ, աղաչական ձայներ է հանում։ Այսպես անսովոր էր այդ գազանի վարմունքը, որ ես անակնկալի եկած, ետ քաշեցի զենքս ու դիտում եմ հետաքրքրությամբ, զարմացած։

Թաթերն իջեցրեց, նորից դարձավ չորքոտանի ու առաջ է գնում դիմացիս լանջով՝ ու էլի աչքը չի կտրում ինձնից։ Ես ուշքի եկա և արագ նշան բռնեցի։ Քիչ էր մնում ձգանը քաշեի, երբ նորից թաթերը վեր բարձրացրեց ու առանց խոսքերի պաղատեց՝ «Մ՛ի սպանի ինձ, մա՛րդ․․․»։

Այնքան արտահայտիչ էին նրա շարժումները, որ ինձ մի պահ թվաց, թե նա ինձ ուղղակի ասաց թախանձանքով լի այդ բառերը։

Եվ ինձ նույնպես պատեց ահը, ահ, որ առաջացավ անլեզու կենդանու այդ զարմանալի արարքից։ Եվ երբ տեսա այդքան հաջող որսս ձեռքիցս գնալու է, ինձ նախատեցի իմ թուլության համար ու անմիջապես մոլեգնեց որսորդական կիրքն իմ մեջ։ Նորից նշան բռնեցի։ Եվ երբ արջը նորից թաթերը վեր բարձրացրեց, իմ մեջ խղճահարությունը տեղի տվեց արհամարհանքի՝ ինչ շատ է մտածում իր կյանքի մասին․․․ և ինչքան էլ ստորանում է, մինչդեռ կարող էր հարձակվել ու քաջությամբ իր կյանքը պաշտպանել․․․ Չէ՞, սա իր կյանքի համար դողացող թուլամորթի մեկն է ․․․  Եվ հենց ձգանը քաշում էի, գազանը տարօրինակ ձայն հանեց, և այդ ձայնի վրա ինձնից քիչ ցած խշշոց լսվեց թփերում։ Նայեցի և քարացա․ նրա քոթոթները դուրս վազեցին թփուտից, ուր թաքնվել էին իրենց մոր հրամանով, ու թեք լանջն ի վեր շտապեցին նրա մոտ։

Ահա՛ թե ինչի է կյանք խնդրում ինձանից․․․ Ահա ում համար է ուզում ապրել․․․

Կարծես սրտիցս մի ծանր քար ընկավ։ Հրացանը գոգիս դրած, հրճվալից հայացքով նայում եմ սայթաքող, գլորվող ու նորից անճոռնի վազքով դեպի իրենց մայրը շտապող քոթոթներին, ու գոհ եմ, որ ձգանը քաշեցի։

Եվ երբ ձագերը հասան իրենց մորը, ես կանգնեցի ու օդում գլխարկս թափահարելով բարձր կանչեցի․

— Գնացեք, կյանքներդ բաշխում եմ․․․ Բարի ճանապարհ․․․

Արջը շարժվեց, բայց ահով լի հայացքը չէր կտրում ինձնից, և ես տրամադիր եմ ենթադրելու, որ այդ պահին նա իր արջային լեզվով օրհնում էր ինձ․

— Շնորհակալ եմ, մա՛րդ, որ խնայեցիր կյանքս՝ ձագերիս համար։

Ես գլխարկս նորից թափահարեցի, ինչպես ճանապարհ են դնում ծանոթներին, և նրանք՝ մայր ու ձագեր, մտան հաջորդ ձորակը ու ծածկվեցին իմ տեսողությունից։

 «Ով իր մորթին փոխի` ջուխտ գնդակի կհանդիպի»

Հին ժամանակ մի ագահ որսորդ է լինում։

Էդ որսորդը շատ քարայծեր ու ոչխարհներ է սպանում, բայց աչքը չի կշտանում։ Մի օր էլ կնոջն ասում է․

-Ես դրանց կենդանի պիտի բռնեմ։

Ասում է, հրացանն առնում է սար է բարձրանում, մի շատ խոշոր արու այծ է սպանում։ Տիկ է հանում էդ այծին, մտնում մորթու մեջ, ահագին եղջյուրներն էլ ամրացնում իր գլխին ու այդպես գնում լեռան ծերպերը, ուր քարայծերն էին թաքնվում։

Ժայռի տակով նա զգուշությամբ մոտենում է այծերի հոտին, էն մտքով, որ նրանց խաբի ու կենդանի-կենդանի բռնի։

Էդտեղ մի որսորդ դարան մտած՝ որսի է սպասելիս լինում։ Էդ որսորդը տեսնում է մի ահագին քարայծ կամաց-կամաց գնում է դեպի մառախուղի մեջ հազիվ երևացող հոտը։ Հրացանը մեկնում է, որ կրակի, մեկ էլ մտածում է․ «Շատ է մեծ, վայ թե մի գնդակով չընկնի»։

Իր հին հրացանի փողից մի մեծ կլոր գնդակ էլ է ներս գցում, շամփուրով ամրացնում և զույգ գնդակներն էլ արձակում է քարայծի վրա։ Կրակելուն պես մի մարդկային ճիչ է լսում։ Վազում տեսնում է, որ իր սպանածը մարդ է՝ այծի մորթու մեջ․․․

-Այ մարդ, ինձ ինչի՞ տակ գցեցիր,- գոչում է որսորդը սարսափած։

Այդտեղ այծի մորթով մարդը պատմում է իր ագահության ու խորամանկության մասին և հոգին փչում է։

Որսորդը նրան թաղում է, գերեզմանին մի տափակ քար է գցում ու վրան փորագրում հետևյալ խրատական ու իմաստալից խոսքը։

«Ով իր մորթին փոխի՝ զույգ գնդակի կպատահի»։

Թուխիկը

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ բժիշկ է եղել։ Ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել նա ու բերել տուն։

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և իր թռչնային բնազդով կապվել է իր տիրոջ հետ։

Ասում են , բժշկի հետ սեղան էր նստում այդ ագռավը, աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա-ղա» կանչելով շնորհակալություն հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա զվարճանալու իր ցեղակիցների հետ։ Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։ Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին, հանդում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը։

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն և կանչում էր հեռվից․

-Թուխի˜կ, Թուխի˜կ․․․

— Ղա˜, ղա˜․․․- լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից։

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց,

— Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում։

— Ընկերոջս եմ սպասում․․․

Ապա վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանը։

— Թու՛խիկ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՛զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա։

-Ղա˜, ղա˜ ․․․- լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև  գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

-Թուխի՛կ, դուրս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն, կարծես թռչունը վշտից քարացել էր։

Գերեզմանից հանեցին նրան և բժշկի աճյունը հողով ծածկեցին։

Բարակ անձրև էր տեղում։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին վշտահար ու մոլոր կանգնած։

Հին, քարասիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը և մեկը քրթմնջաց․

-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների  վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․

Անի Ավթանդիլյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան

Խիղճը

Երբ ես փոքր էի, մի զարմանալի դեպք տեղի ունեցավ մեր Ղազախում։ Անվանի որսորդ Աբելը գնում է որսի։ Սիրտը լիքը`հոգին  փոթոթվելով է գնում. որդին սպանվել էր տաճկական ճակատում, իսկ հարսը մի սիրուն երեխա էր աշխարհ բերել, մի մեղմ որբուկ։

Սիրտն արցունքով լիքն է որսի գնում անվանի որսորդը, ու նրա աչքի առաջ մինուճար որդին էր ու իր շարմաղ հարսը՝ երեխան գրկին, սիրտը կոտրած, վիզը ծուռ․․․

Գնում է , գնում որսորդ Աբելը մտամոլոր ու դուրս է գալիս ծառերով շրջապատված ու արևոտ մի բացատ։ Ու այդտեղ նրան պատահում է մի մայր եղնիկ։ Աբելը հրացանը մեկնում է, բայց զարմանքով տեսնում է, որ եղնիկը չի փախչում, սիրուն դունչը վեր ցցած՝օդը հոտոտում է ու նայում։

Խղճահարվում է Աբելը, բայց որսորդական կիրքը հաղթում է նրան  ու որոշում է սպանել եղնիկին։ Բայց երբ նշան է բռնում, որ ձգանը քաշի, տեսնում է հրացանի առաջ իր շարմաղ հարսն է կանգնած՝ երեխան գրկին, վիզը ծուռ․․․

Մարդը շանթահարված ետ է քաշում զենքը ու տեսնում է էլի եղնիկն է մոլոր կանգնած։ Աջքերը տրորում է որսկան Աբելը, իրեն թափահարում սթափվում ու նորից նշան բռնում… Նորից տեսնում է իր վշտահար հարսին, սիրուն աչքերն արցունքով լիքը կանգնած իր հրացանի փողի առաջ ՝ երեխան գրկին։

-Գնա, ինձ առնի տակ մի գցիլ, — գոչում է որսորդը և նրա ձայնի վրա թփի տակից դուրս է ցատկում եղնիկի սիրունիկ հորթը, հասնում է մորը, նրա դնչի տակ մտնում, և մայր ու որդի սլանում են դեպի անտառի խորքը։

Այդ օրվանից Աբելը թողնում է որսորդությունը։

Գագիկ Դավթյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան

Արծիվները

Վերադառնում էինք որսից: Ժայռերի սուր կատարներին անշարժ նստած արծիվները մռայլ հայացքով ճանապարհ էին գնում.

-Ես դրանց փետուրները քամուն պիտի տամ: Գիտե՞ս ինչքան վայրի ուլ են ուտում,-ասաց ընկերս, հրացանը ուսից իջեցնելով:

Իրոք, գայլերից է’լ ավելի արծիվներն են վնաս տալիս մատղաշ քարայծերին: Այսպես մռայլ, մտախոհ ու համբերատար կանգնած իրենց բարձր դիրքին, նրանք հսկում են շրջապատը: Եվ վա˜յ այն ուլին, որ առանց մոր դուրս եկավ քարանձավից կամ փախուստի ժամանակ հետ մնաց հոտից…

Այդ է պատճառը, որ ես առանց խղճի խայթի ասաց.

_ Կրակի’ր:

Միանասը չոքեց և հրացանի փողը ուղղեց մեր դիմացի բլրի գագաթին. պահակների նման դիք կանգնած զույգ արծիվներին:

Կրակոցին հետևեց թռչուններից մեկի թպրտոցը, իսկ մյուսը առանց շտապելու թափահարեց իր լայն թևերը:

Մենք բարձրացանք բլուրը և տեսանք ճերմակապոչ գիշակերին, իր ահագին թուխ թևերը փռած, արյունոտ կտուցը խոտերին քսելիս:

-Էլի ուլ կուտե՞ս… դե հիմի´ կեր, — սիրտը հովացած բացականչեց ընկերս:  Բայց երբ նայեցի աչքերին, ափսոսանք կարդացի նրանց մեջ:

Արծիվը դեռ շնչում էր ու ցամաք նետված ձկան նման բերանը բաց ու խուփ անում, կարծես խեսդվում էր օդի պակասությունից:

-Գնա´նք, — ասաց ընկերս,   չգիտես ումնից դժգոհ: Ապա ձայնը բարձրացնելով ավելացրեց.

-Մարդ դրան կխղճա՞…

Երևի խղճալուց էր ասում. ծանր էր տեսնել այդ փառահեղ թռչունի մահը:

Մենք լուռ իջանք ձորը:

Հանկարծ մեր գլխի վերև շափշափյուն լսվեց և մի լայն ստվեր սուրաց բլուրն ի վեր: Վեր նայեցինք. արծվի ընկերն էր վերադառնում: Նա պտույտներ գործեց և իջավ  վիրավորի կողքին:

-Հիմա ընկերոջ լեշը կուտի, — ասաց ընկերս չարախինդ տոնով:

Բայց նա սխալվեց. արծիվը աղիողորմ ծվոցներով պտտվում էր  իր ընկերոջ դիակի շուրջը, կտուցով վեր էր բարձրացնում նրան, փորձում ոտքի կանգնեցնել ու թռցնել իր հետ…

Մենք քարացած նայում էինք, իսկ թռչունը շարունակում էր իր ողբը:

-Դե լա˜վ, ինչ քնքշությունների ժամանակ է, գնա´նք, — խրոխտ ասաց իմ ընկերը, և ես նորից զգացի, որ իր խղճի ձայնն էր լռեցնում…

Էրիկ Թելունց, Անի Ավթանդիլյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան

Աղբյուրը` Վախթանգ Անանյան, «Լեռներ հայրենի», Երևան, 1963թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s