Ուխտագնացություն Պարսկահայք. Ծործորի եկեղեցի

dzor_dzor_church

Պարսկահայք կատարելիք իմ ուխտագնացության  խորհդանիշերը բազում են` Սալմաստ (ի դեպ, նախնիներս շուրջ մեկ դար`1601-1712թթ, ապրել են Սալմաստում), Փայաջուկ, Մակու, սակայն  ճամփորդության հետաքրքրությանս առաջին թիրախը Ծործորի վանքն է: Ժամանակին անկեղծորեն  զարմացել էի, երբ առիթ էի  ունեցել  իմանալու այս կառույցին բաժին ընկած ճակատագիրը:

Ծործորի վանքը առաջին անգամ հիշատակվում է 1314 թվականին, հետևաբար ենթադրվում է, որ այն կառուցվել է 1298 և 1314 թվականների միջև ընկած ժամանակամիջոցում և լինելով Արտազի թեմի հոգևոր իշխանության մշակութային կենտրոնը՝ ծաղկել է 14-րդ դարի առաջին կեսին:  Այդ ժամանակաշրջանում Արտազի շրջանի բնակչությունը հարում է կաթոլիկության, և Զաքարիա Եպիսկոպոսը դառնում է հռոմեադավան հայության հոգևոր առաջնորդը: Պատմական տեղեկությունների համաձայն Ծործորի վանքի գոյությունը սերտ կապ է ունեցել հայոց պատմության մեջ կաթոլիկության առաջացման, ապա երևան եկած ունիթորական (միարարական) շարժման և դավանաբանական բարդ խնդիրների հետ: Որպես կաթոլիկական կենտրոն՝ Ծործորը հարատևել է մինչև 17-րդ դարը:

1680-ական թվականներից Ծործորի Ս.Աստվածածին վանքը դադարում է գործել: Իսկ ռուս-պարսկական պատերազմի վերջում և Թուրքմենչայի դաշնագրից հետո Արտազի շրջանի հայ ազգաբնակչության խոշորագույն մասը գաղթում է, և Ծործորը մնում է լրիվ լքյալ վիճակում ու մոռացության տրվում մինչև 1987 թվականը: 1987 թվականի սեպտեմբերի 17-ին ահազանգ է ստացվում, որ Ծործորի Ս.Աստվածածին եկեղեցին շրջափակված է և արդեն սկսվել են «Բարոն»-ի ջրամբարտակի շինարարական աշխատանքները, բուլդոզերները փորում են նրա հիմքերի մերձակայքը և շուտով ամբարտակ կառուցելու համար պիտի պայթեցնեն ժայռաբեկորները:

Ահազանգից հետո իրանահայ ճարտարապետ Վ. Առաքելյանը դիմում է «Մշակութային Ժառանգություն» կազմակերպության գործադիր տնօրեն ճարտարապետ Շիրազիին, որի նախաձեռնությամբ էլ հրավիրվում է խորհրդակցական ժողով՝ Իրանի Էներգետիկայի նախարարությունում: Շուրջ չորս ժամվա բանակցություններից հետո հնարավոր է լինում 25 օրով դադարեցնել ամբարտակի շինարարարական աշխատանքները՝ եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Նույն խորհրդակցության ժամանակ որոշվում է նաև եկեղեցու վերակառուցման նոր վայրը՝ 600 մետր իր բուն տեղից հեռու և 110 մետր բարձր մի տեղ՝ լեռնալանջին:

    Աշխատանքները իրականացվում են «Իրանի մշակութային, ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի» կազմակերպության աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքներին մասնակցում են ինչպես տեղի, այնպես էլ Հայաստանից հրավիրված մասնագետներ, որոնց միահամուռ ուժերով ավարտին են հասցվում աշխատանքները: Աշխատանքները տևել են ոչ ավել ոչ պակաս 13 տարի:

Վերականգնողական աշխատանքների ընթացքում կառույցը քար առ քար, շերտ առ շերտ քանդելով և մեկ առ մեկ չափագրելով, մաքրել և արձանագրել են մանրամասնությունները, նկարահանել ու խնամքով դասավորել են մերձակա հարթակում: Այնուհետև փնտրել և գտել են թափված ու հողերի մեջ անհետ կորած քարաբեկորները, որպեսզի հնարավորինս կառույցը լրացվի հենց իր իսկական քարերով, իսկ պակասները լրացնելով նոր տաշված քարերով՝ «փազլի» պես վերականգնելով կառույցը:
    Վերականգնողական աշխատանքները ավարտին հասցնելուց հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետյանը վերօծում է Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցին:
Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու տեղափոխման ու վերականգնման առիթով 2000 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի կողմից  ճարտարապետ Վարուժան Առաքելյանը պարգևատրվեց «Կիլիկիո Ասպետ» շքանշանով:
Ծործորը Սբ Ստեփանոսի և Սբ Թադեոսի վանքերի հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` «Իրանի հայկական եկեղեցիները» բաժնում:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s