Հարդագողի ճամփորդներ ենք մենք մի խումբ…

OLYMPUS DIGITAL CAMERA

Այսքան խենթ ու հավես բարձունքների նվաճում չէի ունեցել: Թվում է, թե դե մեր սիրելի Արայի լեռն է, հազար անգամ հյուրընկալվել ենք նրա փեշերին, ի՞նչ է եղել, այսօր էլ կարշավենք ու կնվաճենք  նրա «հյուրընկալ  գագաթը»: Կարծես այդպես էլ կար, քանի դեռ  գագաթին էինք դժվարամատչելի վերելքից հետո: Պառկել էինք ալպյան չքնաղ, դեղնաթույր մարգագետնին ու  զմայլվում էինք յուղածաղիկների փայլուն, շողշողուն  թերթիկներով, Արտբզզան ռադիոյին հարցազրույց  էինք տալիս, երգում ու անհոգ էինք, անհոգ, որովհետև  ամենազոր բնությունը դեռ մեր կողմից էր,  արևը շողում էր երկնքում, և  կյանքն այնքան հրաշալի էր, որովհետև էլ ինչ էր պետք երջանիկ լինելու համար, քանզի քեզ հարազատ ու սիրելի  մարդկանց, աշակերտներիդ հետ ես հայրենի երկրիդ  բարձրաբերձ  գագաթներից մեկին` Արա լեռան կատարին, ու կյանքն իսկապես հրաշալի է:

 Օրհներգումի այս մտքերով տարված` չնկատեցինք էլ, թե ինչպես,  որտեղից որտեղ յոթգլխանի վիշապների նման երկինքը  պատվեց սև ու մութ ամպերով, ու քիչ անց սկսվեց… խելագար տարերքը: Տեղատարափը, կարկուտն ու խենթացած քամին պար էին բռնել ու մեզ քշում էին մացառուտներով, փշապատ, անանցանելի ու ցեխակոլոլ, անվերջ վայրէջքներով: Թվում էր, թե վերջ չի ունենալու այս խելագար վայրէջքը, իսկ այնքան սպասված մեր սպիտակ ավտոբուսն այդպես էլ չի երևալու: Ու թե երկու ժամ առաջ օրհներգում էինք կյանքն ու օվսաննա հղում առ երկինք, հիմա չար մի կատակով  անիծում էինք մեր բախտն էլ, կյանքն էլ,  ճակատագիրն էլ: Վայրէջք, անդուլ ու անվերջ, ու վերջ չկա այս թաց տառապանքին  (ատում եմ թացությունը), ուսերդ ու մարմինդ թնբկահարող անվերջանալի տարափին: Օ՜, դանթեական վայրեջք, սարսափելի ես: Ու ահա հրաշք, երջանկության սպասված վայրկյան` ավտոբուսը, մեր սպիտակ ավտոբուսը` ուտելիքներով ու ջերմությամբ բեռնավորված: Ու թող կորչի  տառապանքը, ու մենք, խենթությամբ արբած, սլանում ենք դեպի նա: Ի՜նչ լավն են մերոնք` ընկերներս, իմ չքնաղ աշակերտները, որ ոչ մի պահ չերկնչեցին, չկորցրին հոգու զվարթությունն ու լույսը, չընկրկեցին խենթ տարերքի առաջ: Կեցցե՜ք, իմ խենթեր, սիրում եմ ձեզ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s